Երեկ ուշ երեկոյան կայացան Իսպանիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի վերջին երկու` «Մալագա»-«Բարսելոն», «Բետիս»-Մադրիդի «Աթլետիկո» հանդիպումները, որով և որոշարկվեցին կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերած մյուս երկու ակումբները: Հասկանալի պատճառներով երեկվա խաղերը տեղ չեն գտել նյութում, սակայն դա չի նշանակում, որ հրապարակումն աղքատ է հետաքրքրություն շարժող տեղեկատվությունից:
Հայտնի բան է` գավաթային խաղերն ունեն իրենց առանձնահատկությունն ու տրամաբանությունը: Սույնը փաստելով, իհարկե, չենք ասում, թե առաջնության խաղերը պակաս արյուն ունեն, բայց, դե, գավաթայիններն իրենց բնույթով ավելի շատ են հիշեցնում կենաց ու մահու պայքար, և ահա թե ինչու: Երկու հանդիպման արդյունքում սկզբունքորեն կարելի է խոցել ցանկացած հակառակորդի` նրան բռնեցնելով քո ավելի մեծ ջանադրությամբ, շատ ավելի կենտրոնացվածությամբ, հավաք ու ավյունով լի խաղով: Մի խոսքով` կուրաժ է. բռնեցիր` ում ասես կարող ես ծնկի բերել:
Շատ հեռու չգնանք օրինակի հետևից: Մեկ քառորդի առաջին խաղում թե ինչ արեց «Մալագան» «Բարսելոնի» հետ, բոլորիս աչքի առաջ էր ու է, սակայն դա հո չի՞ նշանակում, թե «Մալագան» խաղային որակներով գերազանցում է կատալոնյան ակումբին, որքան էլ այս ակումբն ընթացիկ մրցաշրջանում խաղում է հաճելիորեն առանձնացող ֆուտբոլ: Վերացարկվեք այն մտքից, որ «Բարսելոնի» երկրպագու եմ: Դրեք տասը խաղ ու կտեսնեք, թե դրանցից առնվազն ութում որ թիմը կհաղթի, որքան էլ «Մալագան» «Բարսելոնի» համար ունի անհարմար թիմի համարում:
Լավ, եկեք ընդհանրական այս թեման դնենք մի կողմ ու դառնանք շատ ավելի կոնկրետ նյութին:
Առաջին հանդիպման արդյունքով (ավարտվել է 0:0) «Սևիլիան» իր համար քիչ թե շատ նպաստավոր պայմաններ էր ստեղծել «Սարագոսայի» հետ պատասխան խաղում, քանզի այն, համենայն դեպս, այն թիմերի դասից է, որոնց համար առանձնահատուկ կարևորություն ունի տան պատերի օգնությունը: Իսկ պատերը օգնեցին, այն էլ ինչպես օգնեցին: Չորս անպատասխան գնդակը «Սևիլիան» դուրս բերեց կիսաեզրափակիչ, մի բան, որին թերևս ոչ ոք չէր էլ կասկածում:
Սկզբունքորեն հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը վաղապես լուծել էր և Մադրիդի «Ռեալը»` սեփական հարկի տակ երկու գնդակի ամրության պաշար ստեղծելով «Վալենսիայի» հետ ունեցած առաջին խաղում: Սակայն, ի տարբերություն «Սևիլիա»-«Սարագոսա» դիմակայության, այստեղ սպասվելիք երկրորդ հանդիպումն իր մեջ որոշակի ինտրիգ ուներ, ու դա` ոչ միայն գավաթային խաղ լինելու բերումով:
Գավաթային խաղից հետո «Վալենսիան» երկրի առաջնությունում երեք օր առաջ սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն էր կրել «Ռեալից» ավելի քան անպատվաբեր հաշվով, որը Եվրոպայում հեգնանքով անվանվում է «տաքսի»: Դժվար է ասել` առաջին խաղակեսի հինգ գոլից հետո «Ռեալը» կորցրե՞ց հետայդու էլ մրցակցի դարպասը գրավելու հետաքրքրությունը, թե՞, եղածը բավարար համարելով, խաղը հանդարտ գլորեց ավարտ: Սակայն այն, որ վերջին ութ օրվա մեջ նույն թիմից երրորդ անընդմեջ պարտությունը կրելը կատարյալ խայտառակություն կլիներ, ավելի քան պարզորոշ էր: Ահա թե ինչու ենք ասում, որ հանդիպումն ուներ լրացուցիչ ինտրիգ, թեպետ դժվար թե գտնվեր ողջամիտ մեկը, ով կարող էր երկու հանդիպման արդյունքով հավատալ տանտերերի հաղթանակին:
Ինչևէ: Ինչպես և պատշաճում էր, առաջին իսկ վայրկյաններից «Վալենսիան» անցավ գրոհի` փորձելով հնարավորինս չկրկնել առաջնության խաղի սխալները, այն է` մրցակցին չտալ օպերատիվ գործելու տարածք, ու, որպես արդյունք, գոլ «ուտել», քանզի այդ դեպքում ստիպված էր լինելու պատասխանել չորսով:
Լավ, չհոգնեցնենք ընթերցողին, խնայենք թերթի օգտակար մակերեսն ու ասենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, ինչը տրամաբանական զարգացումների շրջանակում էր նաև այն առումով, որ խփած գոլից հետո արքայական թիմը պարզապես սպասում էր իր համար վաղուց ավարտված հանդիպման ավարտին: Նյութի այս հատվածն ամփոփելով` ասենք, որ կիսաեզրափակիչում «Սևիլիային» սպասում է «Բետիս»-Մադրիդի «Աթլետիկո» հանդիպման հաղթողը, իսկ Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի կամ «Բարսելոնը», կամ «Մալագան»: Զուտ գեղագիտական առումով, բնականաբար, շատ ավելի գերադասելի կլինի, որ կիսաեզրափակիչ զույգը կազմեն «Ռեալն» ու «Բարսելոնը», քանի որ այս դեպքում կվայելենք միանգամից երկու էլ կլասիկո: Ասել է թե` մի կիսաեզրափակիչի մեջ երկու եզրափակիչ:
Ֆուտբոլային չորեքշաբթին մարզասերներին ևս երկու գավաթային խաղ պարգևեց` մեկը իտալական մակնշման, մյուսը` բրիտանական:
Իտալականում միմյանց հետ էին մրցում «Ռոման» ու «Ինտերը»: «Գայլերի» թիմը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով ու մեկ շաբաթ անց կիսաեզրափակիչ երկրորդ խաղին «Սան Սիրո» է գնում հաղթողի վստահությամբ, թեպետ մրցակցի հարկի տակ «Ինտերի» խփած գոլը քիչ առավելություն չի տալիս միլանցիներին, որոնց եզրափակիչ դուրս գալու համար լիուլի բավարար է անգամ մեկ գոլը` պայմանով, որ «Ինտերը» սեփական հարկի տակ սեփական դարպասը կպահի անառիկ:
Ինչ վերաբերում է «Սուոնսի Սիթի»-«Չելսի» դիմակայությանը, «կարապները» լոնդոնցիների նկատմամբ ահռելի առավելություն ունեին թեկուզ և միայն ի հաշիվ նրա, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում մրցակցին նրա իսկ հարկի տակ գերազանցել էին 2:0 հաշվով, մնում էր այդ առավելությունը չմսխել: Ճիշտ է, սեփական հարկի տակ «Սուոնսին» իր երկրպագուներին չուրախացրեց գոլով, բայց և չտխրեցրեց գոլ բաց թողնելով: Արդյունքում խաղն ունեցավ գոլազուրկ ավարտ, իսկ սա նշանակում է, որ Անգլիայի գավաթի խաղարկությունում «Սուոնսի Սիթին» ձեռք բերեց եզրափակիչում խաղալու իրավունք: Նրա մրցակիցն է լինելու անգլիական առաջնության չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդ Սիթին», որը երկու խաղի արդյունքում ասպարեզից հանել է «Աստոն Վիլլային»:
Ասում եք` տարօրինակ եզրափակիչ է ստացվել բրիտանական գավաթի խաղարկությունո՞ւմ: Բա որ նյութի սկզբում ասում էի, թե գավաթային խաղերն ունեն իրենց յուրօրինակ առանձնահատկությունն ու տրամաբանությունը, որ երկու խաղի արդյունքում սկզբունքորեն կարելի է խոցել ցանկացած հակառակորդի, կարծում էիք, թե հենց այնպես էի ասո՞ւմ:
Վերջում մի բան էլ ասեմ ու` պրծ: Հանկարծ միամտորեն չմտածեք, թե անգլիական գրանդներից որևէ թիմ չի կարևորել գավաթային խաղերը, ինչի արդյունքում եղել է այն, ինչ եղել է: Հենց որևէ մեկը նման բան ասի, բերանը ծեփեք «Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց` խակ է» ժողովրդական հայտնի առածով ու, հավատացեք, կլինեք բացարձակ ճիշտ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ